Լուրեր

COP17և համայնքային համագործակցության համատեքստում․ անտառների վերականգնումը՝ գիտության, քաղաքականությունների

 

Հոկտեմբերի 22-ին COP17-ի Կապույտ գոտու Հայաստանի ազգային տաղավարում տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած «Անտառային երկխոսություններ․ անտառների, կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի համադրում» (Forest Dialogues: Bridging Forest, Climate and Biodiversity Agendas) խորագրով պանելային քննարկումը։

Քննարկումը համախմբել է Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների և Շվեյցարիայի անտառի, ձյան և լանդշաֆտի հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչներին՝ անդրադառնալու անտառների վերականգնման, կլիմայական դիմակայունության ամրապնդման և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությանը։

Միջոցառումը մեկնարկել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ողջույնի խոսքով։

«Շվեյցարիայի համար անտառների վերականգնումը պարզապես ծառատունկ չէ։ Այն էկոհամակարգային գործառույթների վերականգնումն է, կլիմայական դիմակայունության ամրապնդումն ու կենսաբազմազանության պահպանումը՝ միաժամանակ աջակցելով այդ լանդշաֆտներից կախված համայնքներին»,– ընդգծել է դեսպանը։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գիտական տվյալների կիրառմանը անտառային քաղաքականությունների մշակման և կառավարման գործընթացներում, անտառածածկի ավելացման հնարավորություններին ու խոչընդոտներին, միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը, ագրոանտառային տնտեսության զարգացմանը և համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների կայունությանը։

Գիտական տվյալներ և անտառային քաղաքականություններ

WSL-ի բնապահպանական կառավարման հետազոտական խմբի ղեկավար Մարկո Պյուցը ներկայացրել է գիտության դերը անտառային քաղաքականությունների և կառավարման գործընթացներում։ Քննարկման թեմաներից էր գիտական հետազոտությունների և տվյալների, այդ թվում՝ Անտառների ազգային գույքագրման, նշանակությունը հիմնավորված որոշումների կայացման համար։

Անտառվերականգնման քաղաքականություններ և համագործակցություն

«Իմ անտառ Հայաստան» (My Forest Armenia) ՀԿ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրե Գումուչջյանն անդրադարձել է անտառների վերականգնման ոլորտում պետական կառավարման տարբեր մակարդակների միջև համակարգման ամրապնդման անհրաժեշտությանը։

Նա նշել է, որ տեղական իշխանությունների, պետական կառավարման մարմինների և պատասխանատու նախարարությունների միջև համագործակցությունը դեռևս բավարար չէ, և դրա ամրապնդումը կարևոր նախապայման է անտառների վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

Անտառածածկի ավելացման հնարավորություններ և խոչընդոտներ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (Armenia Tree Project, ATP) անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանն անդրադարձել է Հայաստանում անտառների ստեղծման ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակությանը՝ ներկայացնելով անտառածածկի ավելացման հնարավորություններն ու առկա խոչընդոտները։

Նա առանձնահատուկ ընդգծել է անտառապատման նպատակով նոր հողատարածքների տրամադրման կարևորությունը։

«ATP-ն ունի ներուժ կրկնապատկելու, նույնիսկ եռապատկելու անտառների ստեղծման իր արդյունքները, եթե ավելի շատ հողատարածքներ տրամադրվեն»,– նշել է Վահե Մացակյանը։

Ագրոանտառային տնտեսություն և համայնքային հողերի վերականգնում

ՇԵՆ ՀԿ-ի խորհրդի նախագահ Հայկ Մինասյանը ներկայացրել է ագրոանտառային տնտեսության հնարավորությունները՝ որպես դեգրադացված համայնքային հողերի վերականգնման, կենսաբազմազանության պահպանության և գյուղատնտեսների համար կայուն եկամտի աղբյուրների ստեղծման գործիք։

Նա անդրադարձել է ագրոանտառային համակարգերի և դաշտապաշտպան անտառաշերտերի առավելություններին, այդ թվում՝ հողի էրոզիայի կանխարգելմանը, ոռոգման արդյունավետության բարձրացմանը, ջրային ռեսուրսների պահպանմանը և վայրի կենդանիների կենսամիջավայրերի ձևավորմանը։

FORACCA ծրագրի շրջանակում ՇԵՆ-ը հինգ գյուղում իրականացնում է ագրոանտառային փորձնական ծրագրեր։ Ներկայացվել են նաև այլ նախաձեռնություններ, որոնց շրջանակում նախատեսվում է երկու համայնքում ստեղծել ընդհանուր 20 կմ երկարությամբ դաշտապաշտպան անտառաշերտեր։

Էկոհամակարգերի վերականգնում և համայնքների մասնակցություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանն ընդգծել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 2-րդ և 3-րդ թիրախների փոխկապակցված իրականացման կարևորությունը։ Էկոհամակարգերի վերականգնման և պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունները պետք է իրականացվեն համահունչ՝ նպաստելով վերականգնված էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանությանը։

Նա նաև շեշտել է, որ բնապահպանական ծրագրերի կայունության համար անհրաժեշտ է հաշվի առնել հողերի սեփականության և օգտագործման առանձնահատկությունները, ինչպես նաև տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները։

Առանձնահատուկ կարևորվել է համայնքների կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն կառավարել իրենց տարածքներն ու բնական ռեսուրսները և ապահովել իրականացված բնապահպանական աշխատանքների շարունակականությունը։

Գիտության, քաղաքականությունների և գործնական աշխատանքի համադրում

Պանելային քննարկումը վարել է Հայաստանի անտառային դաշինքի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

Քննարկման ընթացքում ներկայացված գիտական մոտեցումներն ու կազմակերպությունների գործնական փորձը ցույց են տվել անտառների վերականգնման ոլորտում գիտության, քաղաքականությունների և համայնքային մակարդակում իրականացվող աշխատանքների փոխկապակցվածության կարևորությունը։

Հայաստանի անտառային դաշինքը, որպես անտառային քաղաքականությունների երկխոսության և շահերի պաշտպանության հարթակ, նպաստում է ոլորտի շահագրգիռ կողմերի համագործակցությանը, անտառների պահպանության և վերականգնման հարցերի շուրջ երկխոսությանը և գործնական փորձի ու քաղաքականությունների միջև կապի ամրապնդմանը։

Պանելային քննարկումը Հայաստանի անտառային դաշինքի նախաձեռնություններից էր COP17-ի շրջանակում և իրականացվել է «Անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն Հայաստանում» (FORACCA) ծրագրի աջակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և համաֆինանսավորվում Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս կազմակերպությունների՝ ՇԵՆ ՀԿ-ի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ATP), «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի (MFA) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի անտառի, ձյան և լանդշաֆտի հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համագործակցությամբ։

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Առնչվող թեմաներ