Կլոր սեղան 2025
Հայաստանի անտառային դաշինքի 4-րդ կլոր սեղանի շուրջ քննարկվեց անտառապատման նոր մոտեցումների ձեւավորման եւ ոլորտային օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը
Օրերս Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի 4-րդ կլոր սեղանը, որը նվիրված էր օրենսդրական փոփոխությունների և հարմարեցումների անհրաժեշտությանը, որոնց օգնությամբ Հայաստանում հնարավոր կլինի ձևավորել և զարգացնել նոր, արդյունավետ մոտեցումներ անտառապատման ոլորտում։
Այս տարվա կլոր սեղանի քննարկման թեմաներն էին․
- Հարկային քաղաքականություն եւ դրա ազդեցությունը ոլորտի վրա
- ՇՄԱԳ / EIA գործընթացի բարելավման հնարավորություններ
- Արոտավայրերի անօրինական այրման հետևանքներն ու ազդեցությունները
- Հողերի կատեգորիաներ եւ օգտագործման սահմանափակումներ․ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն
Բացման խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Անդրեա Բաումանը։ Նախարար Մաթևոսյանն իր խոսքում անդրադարձավ վերջին օրերին արձանագրված անտառային հրդեհներին, որոնք միաժամանակ առաջացող բարձր ջերմաստիճանի, քամիների և չոր եղանակի պայմաններում լուրջ վտանգ են ստեղծում անտառային ֆոնդի, բնակավայրերի և կենսաբազմազանության համար։
Անդրադառնալով կլոր սեղանի քննարկման չորս թեմաներին՝ նախարարը հատուկ շեշտեց նաև ոլորտային բարեփոխումների հրատապությունը՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները և նոր հանձնարարականները․
«Հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված մենք քննարկումներ ունենք Ֆինանսների նախարարության հետ, սակայն շատ կարևոր եմ համարում, որ այսօր ձեր կողմից հստակեցված և մասնավոր առաջարկներ ստանանք, որպեսզի լիազոր մարմնի մակարդակով կարողանանք ներկայացնել դրանք»։
ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) գործընթացների վերաբերյալ նախարար Մաթևոսյանը նշեց․
«Արդեն հանձնարարել եմ սկսել ՇՄԱԳ-ի օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացը։ Մասնավորապես առաջարկել եմ վերացնել ՇՄԱԳ-ի համար սահմանված վճարները անտառապատման աշխատանքների դեպքում․ չեմ կարծում, որ դա կլինի բեռ նախարարության կամ կառավարության համար։ Այս հարցը դեռ անցյալ տարի ենք քննարկել Դաշինքի հետ, և հուսով եմ՝ վերջնական կկարգավորվի»։
Նա հավելեց, որ ՇՄԱԳ-ի նախորդ օրենսդրական փոփոխություններից հետո անտառապատման և անտառվերականգնման հասկացությունների հստակեցման անհրաժեշտություն է առաջացել․
«Մենք պետք է ապահովենք, որ բարեփոխումների նպատակները կյանքի կոչվեն ավելի պարզեցված, հստակ եւ բյուրոկրատական քաշքշուքներից զերծ գործընթացներով, որպեսզի ՀԿ-ները եւ միջազգային գործընկերները խնդիրների առաջ չկանգնեն՝ այդ թվում ֆինանսական»։
Անդրադառնալով արոտավայրերի անօրինական այրմանը՝ նախարար Մաթևոսյանը նշեց, որ բոլոր հստակ նորմերը կան, սակայն դեռ շարունակում են լինել իրազեկման բացեր․
«Մենք մշտական աշխատանք ենք տանում համայնքների հետ, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բնակիչները հասկանան՝ այրումները վնասում են հենց իրենց տնտեսություններին։»
2025 թվականի մարտին մեկնարկեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի հիմնական փուլը, որը կտևի մինչև 2028 թվականը և որում ներգրավված են հենց Դաշինքի անդամ կազմակերպությունները։ Ծրագիրը կարևոր դեր ունի ոլորտային քաղաքականությունների վերանայման, փորձագիտական աշխատանքի և պետական–հասարակական համագործակցության ամրապնդման գործում։
Դեսպան Անդրեա Բաումանն իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև արդյունավետ և երկարաժամկետ համագործակցությունը անտառների վերականգնման և կլիմայի դիմակայունության ուղղությամբ՝ ընդգծելով, որ Շվեյցարիան շարունակելու է աջակցել Հայաստանին պետական, գիտական և հասարակական գործընկերների հետ համատեղ։ Նա առանձնացրեց նաեւ FORACCA ծրագրի դերը՝ նշելով, որ այն ներդնում է բարձրակարգ գիտական մոտեցումներ, զարգացնում է ինստիտուցիոնալ կարողություններ։
Դեսպան Բաումանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանում անտառապատման մասշտաբային ու երկարաժամկետ առաջընթաց հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ապահովի միասնական, համակարգված և հստակ ձևավորված քաղաքական շրջանակ, որտեղ ներգրավված են պետական մարմինները, համայնքները, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը։
Կարևորելով հրդեհները հնարավորինս արագ մեկուսացնելու պատկան մարմինների շուրջօրյա ջանքերը՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծեց հրդեհների կանխարգելման և կառավարման համակարգերում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Մարտիրոսյանը ներկայացրեց բուսածածկույթի, տերևաթափից առաջացած թափոնների այրումների հետևանքներն ու ազդեցությունները, նաև Տեսչական մարմնի կողմից կիրառվող վարչական պատասխանատվության միջոցների վիճակագրական տվյալներ։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից հնչեց նաեւ առաջարկ՝ համագործակցության հուշագիր ստորագրել Հայաստանի անտառային դաշինքի հետ եւ նախանշել համագործակցության հստակ ուղղություններ։
Կլոր սեղանի ընթացքում Դաշինքի անդամ կազմակերպությունները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները՝ հիմնված նախորդ տարիների ընթացքում ձեւավորված փորձի վրա։ Չորս թեմաներից յուրաքանչյուրի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում՝ անտառագետների, գիտական կառույցների, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկումները եզրափակվեցին այն ընդհանուր մոտեցմամբ, որ կլոր սեղանի արդյունքների հիման վրա կպատրաստվի առաջարկությունների փաթեթ՝ ներկայացվելու Շրջակա միջավայրի նախարարին։ Բացի դրանից, կձևավորվի օրենսդրական բարեփոխումների ուղեցույց կամ գործողությունների քարտեզ, որը կաջակցի ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը։
Սոցիալական մեդիա հրապարակման համար․
Այս շաբաթ Երևանում անցկացրինք Հայաստանի անտառային դաշինքի 4-րդ կլոր սեղանը՝ միասին ձևակերպելու անտառապատման նոր մոտեցումներ և քննարկելու ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները։
Քննարկեցինք՝
- հարկային օրենսդրության փոփոխությունների ազդեցությունը,
- ՇՄԱԳ գործընթացի պարզեցման հնարավորությունները,
- արոտավայրերի անօրինական այրման հետևանքները
- և հողերի օգտագործման սահմանափակումները․ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն
Կլոր սեղանի քննարկմանը ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Անդրեա Բաումանը, որոնք ընդգծեցին համագործակցության և համակարգված քաղաքականության կարևորությունը ոլորտում առաջընթաց ապահովելու համար։
Դաշինքի անդամները ներկայացրին իրենց փորձը, հիմնական դիտարկումները և առաջարկները։
Այս քննարկումների հիման վրա կձևավորվի ոլորտային բարեփոխումների առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի Շրջակա միջավայրի նախարարությանը։























