Իմ անտառ Հայաստան
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպություն
«Իմ Անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ Հայաստանի անտառածածկ տարածքների ավելացման, անտառների վերականգնման և բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու նպատակով։ Կազմակերպությունն իրականացնում է անտառվերականգնման և անտառապատման լայնածավալ ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ համագործակցելով գիտնականների, անտառագետների, տեղական համայնքների և գործընկեր կազմակերպությունների հետ։ Կազմակերպության գործունեությունն ընդգրկում է տնկիների աճեցում, նոր անտառների հիմնում, անտառային տարածքների խնամք և երկարաժամկետ պահպանություն՝ կարևորելով ոչ միայն ծառատունկը, այլև ստեղծվող անտառների կայունությունը և բնական էկոհամակարգերի ձևավորումը։
«Իմ Անտառ Հայաստան»-ը կիրառում է տեղական ծառատեսակների և թփերի օգտագործման մոտեցում՝ նպաստելով կենսաբազմազանության վերականգնմանը և բնական միջավայրերի պահպանությանը։ Անտառների վերականգնման ծրագրերի շրջանակում «Իմ Անտառ Հայաստան»-ը նաև ներգրավում է հարակից գյուղական համայնքների բնակիչներին՝ ստեղծելով աշխատատեղեր և նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Որպես Անտառային դաշինքի անդամ կազմակերպություն՝ «Իմ Անտառ Հայաստան»-ը ներգրավված է Հայաստանի անտառների վերականգնման, բնական էկոհամակարգերի պահպանության և կայուն անտառային կառավարման ուղղությամբ իրականացվող համագործակցային աշխատանքներում։